Doja Cat-ը նախատեսում է «ֆուտուրիստական» հնչողությամբ երգեր թողարկել
Written by 105.5FM on 19 March 2026
Ամերիկացի ռեփեր և երգահան Ամալա Ռատնա Դլամինին, որը հանդես է գալիս Doja Cat բեմական անվամբ, պլանավորում է այս տարի թողարկել նոր երաժշտություն։
Ըստ 30-ամյա արտիստի՝ երգերը կունենան այլ հնչողություն, քան իր նախկինում թողարկած ցանկացած ստեղծագործություն։ Doja Cat-ը այս մասին խոսել է Vogue ամսագրին տված հարցազրույցում՝ իր հինգերորդ ստուդիական ալբոմի՝ Vie (2025) աջակցության շրջագայության ընդմիջման ժամանակ։ Շոուների շարքը տեղի է ունենում Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի քաղաքներում և կավարտվի դեկտեմբերին Նյու Յորքի Madison Square Garden-ում կայանալիք ելույթով։
«Մենք ունենք շատ հետաքրքիր գաղափարներ, որոնք դեռ չեմ կարող բացահայտել», – ասել է ռեփերը։
Նա նաև պարզաբանել է, որ արդեն աշխատում է նոր նախագծի վրա, բայց հրաժարվել է բացահայտել, թե դա կլինի իր «Vie» LP-ի ընդլայնված տարբերակը, թե՞ նոր մինի ալբոմ (նրա առաջին և միակ «Purrr!» մինի ալբոմը թողարկվել է 2014 թվականին)։ Այնուամենայնիվ, Doja Cat-ը հույս ունի, որ նյութը կզարմացնի իր երկրպագուներին։ Աստղը այս երգերը բնութագրել է որպես «խաղային» և «ֆուտուրիստական»։
Ինչ վերաբերում է շրջագայություններին, ապա Doja Cat-ը նախատեսում է շարունակել զարմացնել հանդիսատեսին, նույնիսկ եթե երբեմն նրա գաղափարները վերածվեն «անհարմար իրավիճակների»: Ռեփերը համոզված է, որ նույնիսկ նման միջադեպերը՝ «միտումնավոր, թե ոչ», ինքնադրսևորվելու հնարավորություն են, որքան էլ դժվար լինի։