A$AP Rocky-ին կասկածում են նոր տեսահոլովակում արհեստական ինտելեկտի օգտագործման մեջ
Written by 105.5FM on 13 January 2026
Երգչուհի Ռիհաննայի ամուսինը՝ ամերիկացի ռեփեր A$AP Rocky-ն, հրապարակայնորեն հերքել է լուրերը, թե իր նոր՝ «Helicopter$» տեսահոլովակը ստեղծվել է արհեստական ինտելեկտի միջոցով։ Տեսահոլովակը թողարկվել է 2026 թվականի հունվարի 12-ին և դարձել արտիստի այս տարվա առաջին տեսահոլովակը։
Թողարկումից անմիջապես հետո համացանցում ակտիվ քննարկումներ են սկսվել տեսահոլովակի վիզուալ բաղադրիչի շուրջ․ փսիխոդելիկ էֆեկտներն ու անիմացիան շատերին այնքան նորարարական են թվացել, որ հեռուստադիտողները ենթադրել են՝ կիրառվել է արհեստական ինտելեկտ։ Սակայն A$AP Rocky-ն անարձագանք չի թողել այդ խոսակցությունները։
Իր սոցիալական ցանցերում ռեփերը հուզված գրել է․ «Այս տեսանյութը չի ստեղծվել արհեստական ինտելեկտի կողմից։ Այս տեսանյութը չի ստեղծվել արհեստական ինտելեկտի կողմից։ Այս տեսանյութը չի ստեղծվել արհեստական ինտելեկտի կողմից»։
Billboard-ի տվյալներով՝ տեսահոլովակի ռեժիսորն է Դեն Սթրեյթը։ Այն նկարահանված է արտիստին բնորոշ սյուրռեալիստական ոճով․ կադրում պատկերված է հետապնդում, գողացված ուղղաթիռ և ռեփերի թիմը՝ քաղաքի փողոցներում։
«Helicopter$» երգը կընդգրկվի A$AP Rocky-ի չորրորդ ստուդիական ալբոմում՝ «Don’t Be Dumb», որի թողարկումը նախատեսված է հունվարի 16-ին։ Երգի վաղ տարբերակում հնչում էր Playboi Carti-ն, սակայն պաշտոնական տարբերակում լսվում է միայն Ռոքիի ձայնը։
Հատկանշական է, որ մեկ շաբաթ առաջ արտիստը ներկայացրել էր նաև «Punk Rocky» տեսահոլովակը, որտեղ հանդես է գալիս Վայնոնա Ռայդերը։ Այդ նախագիծը կապված է Ռոքիի և ռեժիսոր Թիմ Բարթոնի ստեղծագործական համագործակցության հետ․ հենց Բարթոնն է աշխատել գալիք ալբոմի շապիկի վրա։