Գերմանիայում չեղյալ են հայտարարել Rammstein-ի վոկալիստի համերգը
Written by 105.5FM on 22 November 2023
Գերմանիայի Կասել քաղաքում չեղարկվել է գերմանացի երաժիշտ Թիլ Լինդեմանի ելույթը։ Այս մասին գրում է Time News-ը՝ քաղաքային վարչակազմի հայտարարությանը հղումով։
Հայտնի է, որ Rammstein-ի վոկալիստի համերգը պետք է կայանար նոյեմբերի 18-ին տեղի սառցե պալատում։ «Բոլոր պատասխանատուները գիտեն, որ շատ հյուրեր վաղուց ոգևորված էին գալիք համերգով, ուստի հասկանում են, թե որքան հիասթափված են մարդիկ այս մերժումից։ Կասել քաղաքը մեծ ուրախությամբ թույլ կտար այս համերգը»,- ասել են քաղաքային իշխանությունները:
Նշվում է, որ շոուի չեղարկումը կապված չէ ոչ Լինդեմանի նկատմամբ սեռական ոտնձգությունների մասին մեղադրանքների, ոչ էլ նրա ելույթների դեմ բողոքների հետ։ Համերգն անհնար է դարձել մարզադաշտի կառուցման թույլտվության բացակայության պատճառով։ Անցյալ շաբաթ համերգի կազմակերպիչ MM Konzerte-ն մեղադրեց Կասելի քաղաքային վարչակազմին այն բանում, որ հոկտեմբերի 10-ին ներկայացված իրենց դիմումը սկսել են մշակել միայն նոյեմբերի սկզբին։ Նոյեմբերի 6-ին կազմակերպիչներից պահանջվել է լրացուցիչ փաստաթղթեր, որոնք պետք է տրամադրվեին չորս օրվա ընթացքում։