Եվրատեսիլի կազմակերպիչները արձագանքել են Ուկրաինայի՝ Ռուսաստանի մասնակցությունը մրցույթին արգելելու հետ կապված խնդրանքին
Written by 105.5FM on 25 February 2022
Ուկրաինայի Ազգային հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Նիկոլայ Չերնոտիցկին փետրվարի 24-ին դիմել է Եվրոպական հեռարձակողների միությանը Ռուսաստանի մասնակցությունը մրցույթին արգելելու խնդրանքով։ Նա պահանջում է դադարեցնել ռուսական լրատվամիջոցների անդամակցությունը Հանրային հեռարձակողների եվրոպական համայնքին և արգելել Ռուսաստանին մասնակցել «Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթին, քանի որ դա խախտում է մրցույթի կանոնադրության որոշ կետեր և արժեքները:
The Huffington Post-ը հայտնում է, որ Ռուսաստանին թույլ կտան մասնակցել «Եվրատեսիլ 2022» երգի մրցույթին, քանի որ կազմակերպիչները այն անվանում են «ոչ քաղաքական մշակութային իրադարձություն, որը միավորում է ազգերին երաժշտության միջոցով»:
«Ռուսաստանի և Ուկրաինայի հանրային հեռարձակողները խոստացել են մասնակցել Թուրինի մրցույթին, և մենք ներկայումս ծրագրում ենք մայիսին հրավիրել երկու երկրների արտիստներին ելույթ ունենալու», – նշված է կազմակերպիչների հայտարարության մեջ, որոնք ասում են, որ կշարունակեն ուշադիր հետևել իրավիճակի զարգացմանը։
Ուկրաինան Իտալիայում կայանալիք մրցույթում կներկայացնի «Kalush Orchestra» երաժշտական խումբը՝ «Ստեֆանիա» երգով։ Ռուսաստանը դեռ չի կողմնորոշվել «Եվրատեսիլ 2022»-ի պատվիրակի հարցում։