«Եվրատեսիլ 2023»-ում կփոխվեն քվեարկության կանոնները
Written by 105.5FM on 22 November 2022
«Եվրատեսիլ 2023»-ում, 2022-ի ժյուրիի պատճառով, կփոխվեն քվեարկության կանոնները։ Այս մասին հայտնում է մրցույթի պաշտոնական կայքը։
Պորտալում հրապարակված տվյալների համաձայն՝ այժմ Եվրատեսիլի ժյուրիի անդամները կկարողանան քվեարկել միայն մրցույթի եզրափակիչ փուլում։
«2022 թվականի մրցույթում հայտնաբերված քվեարկության խախտումների աննախադեպ բնույթի պատճառով ստեղծվել է Եվրոպական հեռարձակողների միության (EBU) անդամների աշխատանքային խումբ՝ քվեարկության ամբողջականությունը պաշտպանելու ուղիները քննարկելու համար։ Այնուհետև առաջարկությունները հաստատվել են Տեղեկատու խմբի, Մրցույթի կառավարման խորհրդի և EBU Գործադիր խորհրդի կողմից»,- ասված է կայքի հայտարարության մեջ։
Կիսաեզրափակչի մասնակիցների ճակատագիրն այսուհետ կկարողանան որոշել ցանկացած՝ նույնիսկ մրցույթին չմասնակցող երկրի բնակիչները՝ վճարովի առցանց քվեարկության միջոցով։ Առայժմ չի հաղորդվում, թե Ռուսաստանը, որի մասնակցությունը մրցույթում կասեցվել է, կկարողանա՞ մասնակցել քվեարկությանը։
Հիշեցնենք, հոկտեմբերի սկզբին հայտնի դարձավ, որ 2023 թվականին երաժշտական մրցույթը կանցկացվի Լիվերպուլում։