Մայլի Սայրուսի նոր թրեքը գերազանցել է Spotify-ի բոլոր ժամանակների շաբաթական ռեկորդը
Written by 105.5FM on 24 January 2023
Երգչուհի Մայլի Սայրուսի նոր երգը՝ Flowers-ը, մեկ շաբաթվա ընթացքում լսումների քանակով ռեկորդ է սահմանել Spotify սթրիմինգային ծառայությունում։ Այս մասին հայտնում է Variety-ն։
Բաժանման մասին սինգլը հավաքել է ավելի քան 100 միլիոն լսում․ «Արդեն առաջին օրը երգը ցույց տվեց հրաշալի արդյունք։ Պրեմիերայից ի վեր ամեն օր լսումներն ավելի ու ավելի շատ են լինում»,- ասել է Spotify-ի արտիստների և լեյբլների հետ կապերի բաժնի ղեկավար Յանա Քոֆին:
Առաջին յոթ օրվա ընթացքում լսումների քանակով նախորդ ռեկորդակիրը BTS K-pop խմբի Butter թրեքն էր։ Մեկ շաբաթվա ընթացքում այն հավաքել էր 100 միլիոն լսում։
Հոդվածում նշվում է, որ կոմպոզիցիայի լավ մեկնարկը ցույց է տալիս, որ երգը Billboard Hot 100-ի առաջատարը դառնալու շանս ունի։ Եթե դա տեղի ունենա, Flowers-ը կդառնա Սայրուսի Wrecking Ball-ից հետո առաջին երգը, որը կգլխավորի այդ վարկանիշը։