Ուիթնի Հյուսթոնի նախկին տունը և ձայնագրման ստուդիան վաճառքի է հանվել
Written by 105.5FM on 8 April 2022
Ամերիկացի հանրահայտ երգչուհի և դերասանուհի Ուիթնի Հյուսթոնի Նյու Ջերսիում գտնվող նախկին տունը, որն օգտագործվում էր նաև որպես ձայնագրման ստուդիա, վաճառքի է հանվել։ Այս մասին հայտնում է The New York Post-ը։
Երգչուհին տունը գնել էր 1993 թվականին՝ երաժիշտ Բոբի Բրաունի հետ ամուսնանալուց մեկ տարի անց, ընդամենը 537 հազար դոլարով, կամ այսօրվա չափանիշներով մոտ 1,1 միլիոն դոլարով: Աստղը տան սեփականատերն է եղել մինչև 2010 թվականը, իսկ հետո որոշել է ազատվել դրանից։ Գործարքի արժեքը կազմել է 940 հազար դոլար, և այդ ժամանակվանից առանձնատունն այլևս չի վաճառվել։ Այժմ այդ տան համար պահանջում են 1,6 մլն դոլար։ «Սա եզակի հնարավորություն է ոչ միայն պատմության մի մաս դառնալու, այլ նաև յուրահատուկ տան սեփականատեր լինելու», – ասում է անշարժ գույքի գործակալ Լիան Դոբսոնը:
Տան գլխավոր առանձնահատկությունը կարելի է համարել ձայնամեկուսիչ պատերով ձայնագրման ստուդիան։ Բացի այդ, ապագա սեփականատերը կստանա գուրմանային խոհանոց, ընդարձակ ճաշասենյակներ և հյուրասենյակներ, ինչպես նաև մի քանի ննջասենյակ, լոգասենյակ և հանդերձարան։ Առանձնատունը մի քանի անգամ վերանորոգվել է, վերջինը՝ 2016 թվականին։
Ուիթնի Հյուսթոնը մահացել է 48 տարեկան հասակում 2012 թվականի փետրվարի 11-ին։ Նրան անգիտակից վիճակում հայտնաբերել են Beverly Hilton հյուրանոցի լոգարանում: Հետաքննությունը պարզել է, որ Հյուսթոնի մահը պատահական է եղել և առաջացել է ջրահեղձման, ինչպես նաև սրտի աթերոսկլերոտիկ հիվանդության և թմրամիջոցների օգտագործման հետևանքով: