Քրիստինա Ագիլերան առաջին անգամ արձագանքել է իր կազմվածքի մասին քննադատություններին
Written by 105.5FM on 20 August 2024
Ամերիկացի դերասանուհի և երգչուհի Քրիստինա Ագիլերան պատասխանել է իր կազմվածքի վերաբերյալ քննադատություններին։ Մասնավորապես, կտրուկ փոփոխության պատճառով երգչուհուն սկսեցին կասկածել աստղերի շրջանում այժմ լայն տարածում ունեցող դեղամիջոցի՝ Ozempic-ի չարաշահման մեջ, որը նախատեսված է շաքարախտի բուժման համար, սակայն հայտնիները օգտագործում են որպես նիհարելու միջոց։
Երգչուհին դարձել է Glamour ամսագրի նոր համարի հերոսուհին, նկարահանվել է ֆոտոշարքում և հարցազրույց տվել հրատարակությանը։ Ագիլերան ընդգծել է, որ տարիների ընթացքում սովորել է հաշվի չառնել շրջապատի կարծիքները, որոնք ժամանակին մեծ ազդեցություն են ունեցել իր ինքնագնահատականի վրա։
«Այժմ ես հասել եմ այն հասունությանը, որտեղ ինձ պարզապես չի հետաքրքրում ուրիշների կարծիքը։ Ես չեմ պատրաստվում դա ինձ վրա վերցնել: Յուրաքանչյուր ոք պետք է իմանա իր տեղը։ Ուրիշների կարծիքն իմ մասին իմ գործը չէ… Ես այնքան բան եմ տեսել իմ երիտասարդության տարիներին»,- ասել է Քրիստինան։
Ավելի վաղ Բրիթնի Սփիրսը հրապարակավ վիրավորել էր Քրիստինա Ագիլերային իր կազմվածքի համար։