Coldplay խումբը մենակատարի հիվանդության պատճառով չեղարկել է համերգները
Written by 105.5FM on 6 October 2022
Բրիտանական Coldplay ռոք խումբը չեղարկել է Բրազիլիայում կայանալիք համերգները՝ մենակատար Քրիս Մարտինի հիվանդության պատճառով։ Գրում է Variety-ն։
Հստակեցվում է, որ հետաձգումը պայմանավորված է «թոքերի լուրջ վարակով», որով հիվանդացել է խմբի ֆրոնտմենը։ «Խորը ափսոսանքով հայտնում ենք, որ ստիպված ենք հետաձգել մեր համերգները Ռիո դե Ժանեյրոյում և Սան Պաուլոյում մինչև 2023 թվականի սկիզբը։ Բժիշկը Քրիսին երեքշաբաթյա հանգիստ է նշանակել, քանի որ նա վարակվել է թոքերի լուրջ ինֆեկցիայով»,- բացատրել են թիմի անդամները Twitter-ում:
Երաժիշտները նաև ընդգծել են, որ Մարտինի առողջության մասին կանխատեսումները լավատեսական են, և հույս են հայտնել, որ մենակատարն իրեն ավելի լավ կզգա կարճ ընդմիջումից հետո։
Նշենք, որ Coldplay-ի համաշխարհային շրջագայության լատինաամերիկյան փուլը պետք է մեկնարկեր հոկտեմբերի 11-ին և 12-ին Ռիո դե Ժանեյրոյում: Հաջորդ համերգը նախատեսված էր հոկտեմբերի 15-ին Սան Պաուլոյում։ Համերգների նոր ժամանակացույցը դեռ հայտնի չէ։ Coldplay-ի անդամները հայտարարել են, որ դրանք տեղի կունենան «2023 թվականի սկզբին», մանրամասները կհայտարարեն ավելի ուշ։