Էդ Շիրանն արդեն մոտ 10 տարի սմարթֆոնից չի օգտվում. երգիչն իրեն թողել է շփման միայն մեկ միջոց
Written by 105.5FM on 10 June 2024
33-ամյա երգիչ Էդ Շիրանը խոստովանել է, որ դադարել է օգտագործել իր սմարթֆոնը գրեթե 10 տարի առաջվանից։ Այս մասին նա խոսել է Ջեյք Շեյնի Therapuss փոդքաստում։
Երբ հարցազրույցի վերջում Շեյնը Շիրանին առաջարկել է համարներով փոխանակվել, երաժիշտը չի կարողացել բավարարել փոդքաստերի խնդրանքը և միայն առաջարկել է նրան էլեկտրոնային փոստով գրել: «Ես համար չունեմ, կարող եմ Ձեզ միայն էլեկտրոնային փոստի հասցե տալ: Ոչ, ես չեմ կատակում»,- ասել է «Shape of You»-ի հիթմեյքերը:
Շիրանը բացատրել է, որ հայտնի դառնալուց հետո որոշել է հրաժարվել հեռախոսից։ «Ես պարզապես սկսեցի կորցնել կապը իրական կյանքի հետ, ուստի ազատվեցի հեռախոսից, գնեցի iPad, բոլոր նամակագրությունները տեղափոխեցի էլ. փոստ»,- ասել է Շիրանը՝ նշելով, որ շաբաթը մեկ անգամ ստուգում է փոստը, և նա զգում է, որ վերահսկում է իր ժամանակը: Բացի այդ, Շիրանը կախվածություն չունի սոցիալական ցանցերից, և ազատ պահերին նա կարող է ավելի շատ ժամանակ տրամադրել երգեր գրելուն։