Netflix-ը արքայադուստր Դիանայի սկանդալային հարցազրույցը կավելացնի «Գահը» հեռուստասերիալի առանձին դրվագում
Written by 105.5FM on 26 October 2021
Netflix առցանց-կինոթատրոնը՝ «Գահը» սերիալի հինգերորդ եթերաշրջանում, կներառի արքայադուստր Դիանայի սկանդալային հարցազրույցը, որը պատմում է անգլիական թագավորական ընտանիքի կյանքի մասին։ Հայտնում է The Sun թերթը։
Զրույցը պատմության մեջ մտավ շնորհիվ այն բանի, որ Դիանան, որն այն ժամանակ այլևս չէր ապրում ամուսնու հետ, լրագրող Մարտին Բաշիրին պատմեց արտաամուսնական կապերի, պալատական ինտրիգների, ինչպես նաև իր հոգեկան և ֆիզիկական առողջության հետ կապված խնդիրների և իր նախկին ամուսնու՝ արքայազն Չարլզի մասին։
Հրատարակության տվյալներով, Netflix-ը սկանդալային հարցազրույցին նվիրված դրվագի համար մեծ գումարներ է ծախսել։ Թերթի աղբյուրների փոխանցմամբ, «Գահը» հեռուստասերիալի ստեղծագործական խումբը այս հարցազրույցը առանցքային է համարում հինգերորդ եթերաշրջանի համար:
Ավելի վաղ 39-ամյա արքայազն Ուիլյամը սուր քննադատության էր ենթարկել BBC-ի հաղորդումը՝ ասելով, որ այն «սխալ պատկերացում» է առաջացրել և «լեգիտիմություն» չունի։ Նա նաև պնդել է, որ Բաշիրը ստել է և օգտագործել կուլիսային մարտավարություն՝ իր մոր վստահությունը շահելու համար: