Հնդիկ ռեփերն անդրադարձել է Ստեփանակերտի փողոցներից մեկը Էնվեր փաշայի անունով վերանվանելուն
Written by 105.5FM on 5 October 2023
Հնդիկ ռեփեր Seraiah-ն իր ինստագրամի Story բաժնում անդրադարձել է ադրբեջանցիների կողմից Ստեփանակերտի փողոցներից մեկը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Էնվեր փաշայի անունով վերանվանելուն։ Նա մասնավորապես գրել է․
«Ադրբեջանը շտապել է վերանվանել Ստեփանակերտի փողոցներից մեկը՝ ի պատիվ Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Էնվեր փաշայի։ Եվ սա այն դեպքում, երբ Ադրբեջանը պնդում է, որ հարգելու է Արցախում ապրող էթնիկ հայերի իրավունքները։ Այո, իհարկե, կհարգի…»:
Ֆրանսիական Le Monde թերթը նույնպես անդրադարձ է կատարել ադրբեջանցիների հերթական ոչ կառուցողական քայլին։ Օրաթերթը գրել է․
«Լեռնային Ղարաբաղի կապիտուլյացիայից երկու շաբաթ անց Ադրբեջանը երեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 3-ին, վերահրապարակեց նախկին հայկական անջատողական անկլավի մայրաքաղաքի քարտեզը՝ ադրբեջաներեն փողոցների անուններով։ Այս փողոցներից մեկն անվանակոչվել է 1915 թվականի Հայոց ցեղասպանության գլխավոր հրահրողներից մեկի՝ թուրք զինվորական սպա Էնվեր փաշայի անունով։ Քարտեզն առաջին անգամ հրապարակվել էր 2021 թվականի օգոստոսին»։