Spotify-ը Հայաստանում․ ինչպե՞ս օգտագործել
Written by 105.5FM on 3 April 2020
Արդյո՞ք հնարավոր է Spotify-ն օգտագործել Հայաստանում
Վերջին տարիներին երաժշտությունն անվճար լսելու տարբերակները գնալով քչանում են։ Շատերը դժգոհում են, որ բոլորիս հայտնի VK-ում (նախկինում՝ Vkontakte) նույնպես պետք է գումար վճարես սիրածդ երգերը հեռախոսով լսելու համար։ Իհարկե, Youtube-ը մեզ մոտ շարունակում է ամենաշատ օգտագործվող գործիքը մնալ երաժշտություն լսելու համար, բայց քանի որ այն միայն վիդեոհոսթինգ է, այլ ոչ թե երաժշտական սթրիմինգային ծառայություն (անգլ․՝ Streaming Service), շատ ու շատ երգեր (հատկապես պաշտոնապես ներբեռնված) հասանելի չեն։
Ինչո՞ւ վճարել
Berklee երաժշտական քոլեջի դասախոսներից մեկն իր ուսանողներին միշտ ասում է․
— Երբ որևէ մեկը երգ է լսում, միաժամանակ ուրիշը վճարվում է դրա դիմաց։
Շատերս սովոր չենք, բայց հավատացե՛ք, համացանցում և իրական կյանքում մեր օգտագործած յուրաքանչյուր ծառայության կամ գնված ապրանքի համար պետք է վճարել։ Գործնականում ոչ բոլորս և ոչ ամեն ինչի համար ենք վճարում, բայց պետք է հնարավորության սահմանում փորձենք օգնել արտիստներին, երգահաններին ու այլ ստեղծագործ անձանց։
Ի՞նչ է սթրիմինգային ծառայությունը
Նույն վերոնշյալ VK-ի երաժշտական բաժինն այս պահին սթրիմինգային ծառայություն է համարվում։ Այդպիսիք են նաև Apple Music-ը, Google Play Music-ը, Deezer-ը, Pandora-ն, Yandex Music-ը և այլն։ Streaming Service-ները թույլ են տալիս ամսավճարի (կամ տարեկան վճարի) դիմաց լսել (անգլ․՝ stream) այնքան երաժշտություն, որքան ուզում ես։ Ալբոմներ, սինգլներ, շաբաթական թեմատիկ փլեյլիստեր, յուրաքանչյուր ծառայություն իր առավելությունն ունի։
Spotify-ի առավելությունները
Շվեդական Spotify-ն աշխարհի ամենաշատ օգտագործվող սթրիմինգային ծառայություններից է, որը հասանելի չէ Հայաստանում։ Մեր երկիրը, ցավոք, շատ փոքր շուկա է նման հսկայի համար, հատկապես այն պատճառով, որը նշեցինք ամենասկզբում՝ մենք սովոր չենք վճարել վիրտուալ ապրանքների համար։
Spotify-ի ամենամեծ առավելությունն օրինակ Apple Music-ի համեմատ indie/alternative ժանրերի երաժշտության ավելի մեծ պահոցն է։ Թեև պաշտոնական թվերով Apple Music-ը 10 միլիոնով ավել է, բայց սեփական փորձով կարող ենք ասել, որ Spotify-ն ավելի մեծ ընտրության հնարավորություն է տալիս սկսնակ, ինքնուրույն ու անկախ արտիսների հարցում։
Մյուս մեծ առավելությունը գրեթե յուրաքանչյուր ծառայության նկատմամբ Spotify-ի ալգորիթմներն են, որոնք ամեն շաբաթ տալիս են 30 այնպիսի նոր երգեր, որոնք առավելագույնս կապ ունեն օգտատիրոջ երաժշտական ճաշակի հետ։
Շատերը հավանում են Spotify-ի դիզայնը, ինչը շատ սուբյեկտիվ է, մյուսը փլեյլիստերը, բայց փաստը, որը այն դեռ երկար ժամանակ հասանելի չի լինի մեզ մոտ, հետապնդում է բոլորիս։
Ձեզ ենք ներկայացնում Spotify-ը Հայաստանում օգտագործելու երկու անվճար եղանակ, որոնք հասանելի են համակարգիչների համար։
Քայլ 1: Ներբեռնիր desktop app-ը։
Քայլ 2: Ներբեռնիր որևէ VPN ծրագիր համակարգչիդ կամ լեփթոփիդ մեջ (մենք Windscribe ենք օգտագործում)։
Քայլ 3: Ստեղծիր հաշիվդ ու վայելի՜ր։ Շատ հեշտ։
Նրբություններ, որ ոչ մեկը քեզ չի ասի։
Երբ ստեղծելուց ու մուտք գործելուց ամեն ինչ աշխատի, խորհուրդ ենք տալիս անջատել VPN ծրագիրը, փակել Spotify-ն ու նորից բացել։ Այդպիսով կխուսափես ամեն տեսակի գովազդներից, որոնք առկա են միայն ծրագրի անվճար տարբերակում։
Եվս մի բան, 14 օրից քեզ ծրագրից դուրս կհանի ու կասի, որ այն հասանելի չէ քո երկրում։ Անհանգստանալ պետք չէ, նորից ես միացնում VPN-ը արդեն իսկ ստեղծված հաշվի երկրին համապատասխան ու հանգիստ մուտք գործում։ Վերևի քայլը կրկնել չմոռանա՜ս։
Spotify For Web
Եթե գնացել ես ընկերոջդ տուն և ուզում ես Spotify-իդ հավես երաժշտությունը միացնես, բայց նա չունի desktop app-ը, կամ հենց քո համակարգիչը մի քիչ ծանր է աշխատում ներբեռնած հավելվածով, այդ դեպքում կա ծառայության բրաուզերային տարբերակը։ VPN պետք չէ, ուղղակի մուտք ես գործում www.open.spotify.com, հետո քո ստեղծածդ հաշիվ։
Մի քանի լրացումներ
- Spotify-ի վճարովի տարբերակը Հայաստանում հասանելի չէ, քանի որ դրա համար անհրաժեշտ է արտասահմանյան այնպիսի երկրի բանկային քարտ, որտեղ այն հասանելի է։ Քարտի առկայության դեպքում որևէ խնդիր չի լինի, սակայն համակարգչով օգտագործելու դեպքում լրիվ անիմաստ է։
- Նշված եղանակով ծառայությունից օգտվելն անօրինական չէ։ Շատ երկրներում մարդիկ VPN են օգտագործում ամեն ինչից օգտվելու համար, ինչն ուղղակի բարդացնում է գովազդների թիրախավորումն ու տվյալների հավաքագրումը միայն։
- Այս պահին փորձում ենք գտնել հեռախոսով Spotify-ն օգտագործելու լավագույն տարբերակը, այնպես որ սպասեք։
Հ․Գ․ տվյալ հոդվածը ֆինանսավորված չէ ո՛չ որևէ սթրիմինգային ծառայության, ո՛չ նշված VPN ծրագրի կողմից։