The Weekend-ը ճանաչվել է մոլորակի ամենահայտնի երաժիշտ
Written by 105.5FM on 22 March 2023
Կանադացի երգիչ The Weeknd-ը մոլորակի ամենահայտնի երաժիշտ է ճանաչվել: Նա հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում։
33-ամյա արտիստն այս կոչումը ստացել է՝ սահմանելով երկու լուրջ ռեկորդ․ նա դարձել է առաջին երաժիշտը, որը հաղթահարել է Spotify-ի ամսական 100 միլիոն ունկնդիրների նշագիծը: The Weeknd-ը հարթակում նաև ստացել է ռեկորդային թվով՝ 111,4 միլիոն ամսական ունկնդիրներ:
Ընդ որում, կանադացին առաջատար է մեծ առավելությամբ։ Այսպես, երկրորդ տեղում գտնվող Մայլի Սայրուսի ամսական ունկնդիրների թիվը գրեթե 30 միլիոնով պակաս է՝ 82,4 միլիոն։ Հաջորդը Շակիրան է (81,6 միլիոն), Արիանա Գրանդեն (80,6 միլիոն), Թեյլոր Սվիֆթը (80,2 միլիոն), Ռիհաննան (78,5 միլիոն) և Էդ Շիրանը (77,5 միլիոն):
Արտիստի Blinding Lights թրեքը, որը թողարկվել է 2020 թվականին, շարունակում է մնալ ամենատարածվածը Spotify-ում՝ ավելի քան 3,4 միլիարդ լսումներով: 2016-ին The Weeknd-ը նաև ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ Spotify-ում ամենաշատ հեռարձակված ալբոմի համար (Beauty Behind The Madness):