Թրեվիս Սքոթին մեղադրանք չի առաջադրվի իր AstroWorld փառատոնի ողբերգության պատճառով
Written by 105.5FM on 30 June 2023
Ռեփեր Թրևիս Սքոթին մեղադրանք չի առաջադրվի 2021 թվականի նոյեմբերին իր AstroWorld փառատոնում տեղի ունեցած ողբերգությունից հետո։ Դատարանի որոշումը հայտնում է Variety-ն։
Հիշեցնենք, 2021 թվականի նոյեմբերի 5-ին Հյուսթոնում AstroWorld երաժշտական փառատոնում արտիստի ելույթի ժամանակ տեղի է ունեցել զանգվածային հրմշտոց։ 25 մարդ հոսպիտալացվել է, 10-ը՝ մահացել։ Ողբերգության որոշ ականատեսներ նշել են, որ տուժածները բղավելով փորձել են գրավել արտիստի ուշադրությունը, որպեսզի նա բարձրախոսով հրավիրի համերգի կազմակերպիչների ուշադրությունը ստեղծված իրավիճակի վրա, սակայն Սքոթը չի լսել նրանց։
Երաժշտի դեմ 11 դատական հայց է ներկայացվել։ Ռեփերը հերքել է ողբերգության համար իր պատասխանատվության մասին մեղադրանքները և միջնորդել մերժել հայցերը։
Այժմ հայտնի է դարձել, որ Սքոթը կխուսափի մահվան գործով քրեական մեղադրանքներից։ Այս մասին հայտնել է աստղի փաստաբան Քենթ Շաֆերը։