Հրապարակվել է Մայքլ Ջեքսոնի՝ «Invincible» ալբոմի շապիկի ֆոտոշարքից մինչ այժմ չհրապարակված դիմանկարը
Written by 105.5FM on 19 November 2026
Շոտլանդացի լուսանկարիչ Ալբերտ Ուոթսոնը առաջին անգամ հրապարակել է ամերիկացի երգիչ Մայքլ Ջեքսոնի նախկինում չհրապարակված դիմանկարը՝ բնօրինակ լուսանկարի նկարահանումից 26 տարի անց։ Լուսանկարը հայտնվել է Ուոթսոնի անձնական բլոգում։
Ըստ լուսանկարչի՝ հրապարակումը նպատակ ունի կանխել կեղծ լուսանկարների տարածումը, որոնք ներկայացվում են որպես կադրեր հենց այդ ֆոտոշարքից, չնայած արհեստական բանականության (AI) հստակ նշաններ են ցույց տալիս։
«Այս լուսանկարի արհեստական բանականությամբ բարելավված տարբերակները վերջերս հայտնվել են առցանց՝ պնդելով, որ այդ ֆոտոշարքից են, բայց այս լուսանկարը սկանավորվել է բնօրինակ նեգատիվից և իսկական է։ Մայքլին նկարահանման համար մետաղական դիմահարդարում են արել», – գրել է Ալբերտ Ուոթսոնը։
Ուոթսոնը պարզաբանել է, որ ինքը «Փոփ արքային» լուսանկարել է Նյու Յորքում 2000 թվականին՝ իր տասներորդ ստուդիական ալբոմի՝ «Invincible»-ի շապիկի համար։ Երգչի դիմահարդար Կարեն Ֆեյի խոսքով՝ պատկերի սկզբնական գաղափարը ոգեշնչվել է Ուոթսոնի 1992 թվականի «Ոսկե տղան» աշխատանքից։ Այդ ժամանակ Մայքլ Ջեքսոնին ոսկեգույն դիմահարդարում են արել և համապատասխան կեղծամ դրել, բայց վերջնական շապիկը հետագայում զգալիորեն վերաձևավորվել է։ Ալբոմը թողարկվել է 2001 թվականի հոկտեմբերի 30-ին։ Այն Ջեքսոնի վերջին ստուդիական ալբոմն է, որը թողարկվել է նրա կենդանության օրոք։
Փոփ աստղը մահացել է 2009 թվականի հունիսի 25-ին Լոս Անջելեսում՝ 50 տարեկան հասակում։ Մահվան պաշտոնական պատճառը եղել է սուր սրտի կանգը, որն առաջացել էր ուժեղ դեղամիջոցների չափից մեծ դոզայի պատճառով։
