Անվասայլակին գամված Օզի Օսբորնը մանրամասներ է հայտնել Black Sabbath-ի նոր համերգից
Written by 105.5FM on 18 February 2025
Անվասայլակին գամված բրիտանացի ռոք երաժիշտ Օզի Օսբորնը բացահայտել է իր նախկին խմբի՝ Black Sabbath-ի հետ նոր համերգ-վերամիավորման մանրամասները: 76-ամյա արտիստի խոսքերը մեջբերում է Billboard-ը։
Օսբորնի խոսքով՝ ինքը չի կարողանա նվագել հուլիսին նախատեսված «Back to the Beginning» համերգի ամբողջ ընթացքում։
«Չեմ ծրագրում լիարժեք հանդես գալ «Black Sabbath»-ի համերգին, բայց նրանց հետ կկատարեմ փոքր կտորներ: Ես անում եմ այն, ինչ կարող եմ այնտեղ, որտեղ ինձ հարմարավետ եմ զգում»,- ասել է նա։
Երաժիշտը նշել է, որ չի հրաժարվել ոտքի կանգնելու փորձերից և դեռ ակտիվորեն զբաղվում է սեփական գործերով:
Վերջերս արտիստի կինը՝ Շերոնը, պատմել էր, որ նա այլևս չի կարողանում քայլել՝ Պարկինսոնի հիվանդության պատճառով, որն իր մոտ ախտորոշվել էր 2003 թվականին:
Համերգը տեղի կունենա հուլիսի 5-ին անգլիական Բիրմինգեմ քաղաքում։