Կորոնավիրուսի պատճառով Մադոննան, Մայլի Սայրուսը չեղարկել են համերգները, Coachella-ն հետաձգվել է
Written by 105.5FM on 11 March 2020
COVID-19-ի կամ ինչպես անվանում են՝ կորոնավիրուսի տարածումը ազդել է նաև երաժշտական միջոցառումների վրա։ Մադոննան, Մայլի Սայրուսը, Slipknot-ը, Pearl Jam-ը, Ավրիլ Լավինը և շատ ուրիշները չեղարկել են իրենց շրջագայությունները։

Լուսանկարը՝ Skynews-ից
Մոտ ամիսներին տեղի ունեցող համարյա բոլոր համերգներն ու փառատոնները հետաձգվում են մինչև ամառ, երբեմն նաև աշուն։
Մադոննայի Փարիզի համերգները, որոնք պետք է տեղի ունենային մարտի 10-ին և 11-ին չեղարկվել էին Ֆրանսիայի կառավարության կողմից ընդունված որոշման համաձայն, այն է՝ թույլ չտալ 1,000-ից ավելի մարդ հավաքվել մեկ տեղում։
Իտալիայի բոլոր սահմանների փակման և երկրի ներսում տեղաշարժի արգելման պատճառով չեղարկվել են Քելիսի, Ավրիլ Լավինի, Սանտանայի և Rex Orange-ի համերգները։
Մայլի Սայրուսը պետք է գլխավորեր Ավստրալիայի անտառային հրդեհներին նվիրված մարտի 13-ի բարեգործական համերգը, սակայն ողջ միջոցառումը տապալվել է։ Ելույթ ունեցողների շարքում էին նաև Lil Nas X-ն ու The Veronicas խումբը։
Աշխարհի ամենահայտնի և մարդաշատ երաժշտական փառատոններից Coachella-ն պաշտոնապես հետաձգվել է։ Այս տարի այն տեղի կունենա հոկտեմբերի 9-18-ը։
34 տարվա մեջ առաջին անգամ չեղարկվել է ԱՄՆ-ի ամենափեծ փառատոններից SXSW-ը։
Տեղի չեն ունենալու նաև Մրայա Քերիի, Մեյբլի, Pearl Jam-ի, Green Day-ի, BTS-ի, Stormzy-ի և Slipknot-ի, Foals-ի, The National-ի, Սեմ Ֆենդերի, The Pixies-ի և New Order-ի համերգները աշխարհի տարբեր երկրներում։