Ծիծեռնակաբերդի այգու կանաչապատում և ոռոգում․ FM 105.5-ի նվերը Երևանին

Written by on 5 December 2019

Եղեռնի հուշահամալիրի շրջակայքի 125 հա տարածքը կանաչապատվի և կոռոգվի։ Այս մասին դեկտեմբերի հինգին մամլո ասուլիսի ժամանակ հայտնեց FM 105.5 ռադիոկայանի հիմնադիր, ճարտարապետ Անահիտ Թարխանյանը։ Գաղափարն իրականացվելու է Հայաստանում առաջին մասնավոր FM ռադիոկայանի՝ HAI FM-ի (FM 105.5 Yerevan) 25-ամյակի առթիվ։

Սիրելի քաղաքին նվիրված նախագիծը կոչվում է 5X25, որից 5-ը խորհրդանշում է դեկտեմբերի հինգը, 25-ը` ռադիոկայանի տարիքը, իսկ իրենց բազմապատիկ 125-ը՝ ապագայում կանաչապատվող և ոռոգվող տարածքը։

— 125 հա-ն այն տարածությունն է, որն անուշադրության մատնվել, ամռանը հրդեհներ են եղել, և մենք որոշեցինք 25-ամյակը տոնելու գումարով պատվիրել նախագիծ, որով 125 հա տարածքը կկանաչապատվի և կոռոգվի։ Մոտակա ամիսների ընթացքում մենք ավելի մանրամասն կներկայացնենք մեր ծրագիրն ու կհստակեցնենք, թե որքան գումար է անհրաժեշտ, – ասաց Անահիտ Թարխանյանը։

FM 105.5-ը, որը նախկինում հայտնի էր որպես Հայ FM, հիմնադրվել է 1994 թվականին, երկար պատմություն է անցել, որի մասին վերհիշեց FM 105.5-ի լրատվական բաժնի ղեկավար Արմեն Հովհաննիսյանը

— Կենցաղային տարրական հարմարությունների բացակայություն, արտաքին քաղաքականության բարդ պայմանների, տարբեր խնդիրներ պարագայում ստեղծել առաջին մասնավոր, ոչ պետական ռադիոկայանը մի քիչ պատասխանատու և բավական արկածախնդիր քայլ էր։ Այս փոփոխվող պայմաններում ռադիոկայանը պահել ու հասցնել մինչ այսօր, պահել սիրող ռադիոլսող, շատ բարդ աշխատանք է, որն իրականացվել է նվիրված մարդկանց ջանքերի շնորհիվ։

Անահիտ Թարխանյանը կոչ արեց Երևանում գործունեություն իրականացնող բոլոր կազմակերպություններին, որոնք հոբելյանական տարեդարձներ կունենան, թող մտածեն՝ ինչպես կարող են օգնել հարազատ քաղաքին։

Ծիծեռնակաբերդի հարակից տարածքի կանաչապատման և ոռոգման նախագծի մասին մանրամասն տեղեկությունները կլինեն շուտով։

Լուսանկարները՝ Մեդիա կենտրոնի


Ընթերցողի կարծիքներ

Leave a Reply

Your email address will not be published. Պարտադիր տողերը նշված են *



Current track

Title

Artist

Background