Metallica-ի վոկալիստը վարակվել է կորոնավիրուսով խմբի երկամյա շրջագայության ժամանակ
Written by 105.5FM on 4 September 2023
Ամերիկյան «Metallica» կուլտային ռոք խումբը որոշել է մեկ շաբաթով հետաձգել Արիզոնայում կիրակի օրը նախատեսված համերգը, քանի որ իրենց վոկալիստ Ջեյմս Հեթֆիլդը վարակվել է կորոնավիրուսով։
Խմբի պաշտոնական Twitter-ի էջում հայտարարվել է, որ նրանք մտադիր են սեպտեմբերի 9-ին Արիզոնայում ելույթ ունենալ իրենց երկրպագուների համար: «Ցավոք, Ջեյմսը վարակվել է COVID-19-ով։ Մենք շատ վշտացած ենք և ներողություն ենք խնդրում այս պատճառած անհարմարության համար»։
Այս տարվա ապրիլին Metallica-ն թողարկեց իր նոր՝ «72 Seasons» ստուդիական ալբոմը և կազմակերպեց երկամյա համաշխարհային շրջագայություն՝ ի աջակցություն դրա։ Շրջագայությունը կտևի մինչև հաջորդ տարվա սեպտեմբերի վերջ։
Օգոստոսին հայտնի դարձավ, որ Metallica-ն բարեգործական նպատակներով 200 հազար դոլար է նվիրաբերել։ Երաժշտական խումբը բարեգործական հիմնադրամ է ստեղծել 2017 թվականին, կազմակերպության բոլոր ծախսերը հոգում են անձամբ խմբի անդամները կամ նրանց մերձավորները։ Նշվում է, որ 200 հազար դոլարն ամբողջությամբ կուղղվի կղզիներում վերջին հրդեհներից տուժածներին օգնելու և Հավայան կղզիների ենթակառուցվածքի վերականգնմանը։